Մինիմալիզմը խոհանոցում
Մինիմալիզմն ընտրում են մեծ քաղաքների բնակիչները, պերֆեկցիոնիստները, կյանքի ակտիվ ռիթմ ունեցող մարդիկ և, միևնույն ժամանակ, էսթետները։
Ինտերիեր-դիզայնի այս ուղղությունը առաջացել է մոդեռնիզմի ծաղկման ժամանակաշրջանում` հիմնվելով ճապոնական մշակույթի վրա: Արևմտյան տարբերակում մինիմալիզմը ավելի գործնական և ֆունկցիոնալ է: Թե որքան մինիմալիստական տեսք կունենա Ձեր խոհանոցի ինտերիերը, կախված է միայն Ձեզանից, գլխավորը հիմնական սկզբունքներին հետևելն է։

Մինիմալիստական ինտերիերը առանձնանում է հետևյալ տարրերով.
- Լակոնիկ կահույք և մինիմալ դեկոր
- Առավելագույնը 3 հիմնական գույն` հիմնականում չեզոք երանգների
- Ներկառուցված տեխնիկա
- Պատշաճ բնական և արհեստական լուսավորություն
Այսպիսով, մինիմալիստական ոճով խոհանոցի դիզայն նախագծելիս անհրաժեշտ է անել հետևյալը՝
Մեծացնել վիզուալ և ֆունկցիոնալ տարածքը, հնարավորինս լույսով լցնել սենյակը, մանրակրկիտ պլանավորել խոհանոցի էրգոնոմիկան և պահեստային համակարգերը, որպեսզի սեղաներեսները լցված չլինեն տարբեր իրերով:
Մինիմալիստական ոճը կատարյալ է փոքր կամ նեղ խոհանոցների, համակցված խոհանոց-հյուրասենյակների և ժամանակակից բնակարանների համար: Ընդարձակ կապակցված տարածքներում մինիմալիզմը կարտահայտվի իր ամբողջ ներուժով, իսկ փոքր խոհանոցում այն վիզուալ կընդլայնի տարածքը:

Հարդարում և նյութեր
Մինիմալիզմը ինչպես հարդարման, այնպես էլ կահույքի մեջ ենթադրում է ժամանակակից նյութերի (լամինատ, մետաղ, ապակի) համադրությունը բնականի հետ՝ փայտ, քար, կերամիկա: Խոհանոցի ձևավորումը պետք է լինի պարզ, բայց անբասիր որակով և, իհարկե, առանց դեկորների և զարդարանքների:
Առաստաղ
Առաստաղը պետք է հնարավորինս թեթև նայվի: Այն պետք է ներկել բաց գույնի` սպիտակ կամ մոխրագույնի ամենաթույլ երանգներից մեկով: Եթե բարձրությունը թույլ է տալիս, ապա ավելի լավ է խոհանոց-հյուրասենյակը սահմանազատել գիպսաստվարաթղթե երկաստիճան առաստաղով: Անընդունելի է նկարներով, դեկորներով կամ հայելային առաստաղների օգտագործումը:

Հատակ
Մինիմալիստական ոճով սենյակի ձևավորումը ենթադրում է խիստ, կատարյալ հարթ հատակ: Ամենահարմար նյութերն են քարը, առանց նախշերի խոշոր կերամիկական սալիկները, կերամոգրանիտը։ Կարող եք նաև օգտագործել լամինատ կամ մանրահատակ` բաց բեժ, մոխրագույն կամ մուգ երանգներով:
Պատեր
Պատերը պետք է լինեն պարզ, կատարյալ հարթ և զուսպ: Լավ կնայեվեն առանց նախշի մեծ կերամիկական սալիկները, ինչպես նաև համահունչ պաստառերը` հատկապես ճաշասենյակի տարածքում: Պատերի գունային պալիտրան բաղկացած է չեզոք գույներնից, առավել հաճախ՝ սառը երանգով։

Լուսավորություն
Ինչպես արդեն նշվեց, մինիմալիստական դիզայնը ոչ միայն տարածության, այլև լույսի մասին է: Մեծ պատուհաններով սենյակները և լույսի զանազան աղբյուրների օգտագործումը շատ տեղին կլինեն:
Հնարավոր են հետևյալ համակցությունները.
Կենտրոնական լուսավորություն (մեկ մեծ ջահ կամ մի քանի փոքր) սեղանի վերևում և աշխատանքային սեղաներեսի լուսավորություն
Առաստաղի թեթև լուսային վահանակներ և ճաշասենյակի և սեղաներեսի համար նախատեսված լրացուցիչ լուսավորություն
Լուսարձակներ և կենտրոնական լուսավորություն
Խոհանոցի թաքնված լուսավորություն + կենտրոնական լուսավորություն

Կահույք և տեխնիկա
Մինիմալիզմը խոհանոցի ձևավորման և դեկորի մեջ փոխհատուցվում է կահույքի, տեխնիկայի և սանտեխնիկայի հարմարավետությամբ, մտածվածությամբ և ֆունկցիոնալությամբ: Ողջունելի է ներկառուցված կենցաղային տեխնիկան, փակ երեսներով խոհանոցային պահարանները: Օդաքարշ պահարանը կարող է ունենալ ոչ միայն գործնական, այլ նաև դեկորատիվ նշանակություն:
Չենք օգտագործում ապակե դռներ։ Խոհանոցի կահույքի երեսները պետք է լինեն պարզ, փայլատ կամ փայլուն, առանց դեկորի։ Մետաղական բռնակները` հարմարավետ և զուսպ, առանց նախշերի կամ փորագրությունների:

Խոհանոցի կահույքը պետք է նախագծված լինի միանման ոճով, էկլեկտիզմն այստեղ տեղին չէ: Եթե խոհանոցի տարածքը փոքր է, ապա ճաշասեղանը կարելի է փոխարինել բարի սեղանով, իսկ խոհանոց-հյուրասենյակում շատ լավ կնայվի խոհանոցային կղզյակը` սահմանազատելով տարածքը: Խոհանոցային խորշերը պետք է օգտագործել պահարանների համար, քանի որ նման ոճը նախատեսում է տարածքի մաքսիմալ օգտագործում և կահույքի քանակի կրճատում:
Կահույքի նախագծման գործում Ձեզ սիրով կօգնեն Prestige Furniture-ի հմուտ մասնագետները: